ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՄՈՐՈՒՔԻ ՊԱՏԻՎԸ

ՄՈՐՈՒՔԻ ՊԱՏԻՎԸ
30.10.2009 | 00:00

Մորուքի մասին խոսելն ու գրելը մեր ժամանակների անբեղ, անմորուս սերնդի տղամարդկանց համար, կարծես, ավելորդ մի բան է, բայց և այնպես, գոնե հետաքրքրության համար կարելի է կարդալ մեր պապերի արտաքին պատվախնդրության չափանիշի` մորուքի մասին։
Դրա համար, նախ, պատմական հինավուրց տեղեկություններից այս եղելությունը կարդանք։
Կիլիկիայի առաջին մեծ իշխանի որդին` Թորոսը, երբ հոր մահից հետո նստեց Կիլիկիայի ապագա պետության իշխանական գահին, բնական էր, որ քրիստոնյա մերձակա պետությունների երևելիների ծանոթությանն ու կապերին ձգտեր, որպեսզի թագավորական թագ ու գայիսոն ստանար նրանցից մեկի ձեռքից։ Բայց պատմության անիվը, որը միշտ պտտվում է ի հեճուկս մեր ցանկությունների ու որոշումների, անցքերն այլ կերպ դասավորեց. Թորոս իշխանի դուստրն ավելի շուտ թագուհի դարձավ, քան իր հայրը` թագավոր։ Դա պատահեց այն բանից հետո, երբ Թորոս իշխանն իր դստերը` Արտային, կնության տվեց խաչակիրների առաջնորդի եղբորը` Բոհեմունդին։ Այս ամուսնական կապը նաև հայտնի դարձավ ողջ Եվրոպայում նրանով, որ բեղ ու մորուքով տղամարդ հայը չէր կարող իր աղջկա ամուսնուն անբեղ, անմորուք, առանց տղամարդու շնորհքը վրան փեսա հանդուրժել, այդ պատճառով Թորոս մեծ իշխանի առաջին պայմանը սա էր. վաթսուն հազար ոսկի օժիտի հետ, Բոհեմունդը պարտավոր էր հայ տղամարդուն վայել մորուք պահել, այլապես մի հայ ընտանիքում երկու անմորուս ամուսիններ չէին կարող լինել։ Պայմանն այնքան «գայթակղիչ» էր, որ լերկ երեսով եվրոպացին իսկույն համաձայնեց հայկական այս արտասովոր պայմանին և շուտով տղամարդավարի բեղ ու մորուսով ներկայացավ իր ապագա կնոջը։
Այս պայմանով հայ տղամարդկանց շարքն անցած Բոհեմունդը 1099 թ. Երուսաղեմի գրավումից հետո դառնում է այդ Սուրբ քաղաքի առաջին թագավորը, ու բնական էր, որ նրա կողքին նստեր Սուրբ քաղաքի առաջին հայ թագուհին` Արտան։
Այս մորուքային պատմությունը մի զավեշտալի վկայություն ևս ունի. բանն այն է, որ այս Բոհեմունդ դուքսը սիրում էր փողը տղամարդու խոսքից ավելի, այդ պատճառով, չհասկանալով հայի մորուքի պատիվը, այս ու այն կողմ խոստումներ էր տալիս ու մինչ թագավոր նստելը մեծ պարտքեր անում իր ընչասեր կյանքի նպատակների համար։ ՈՒ եկավ ժամանակ, երբ շրջապատի մորուքավոր պարտատերերն այն աստիճան բարկացան մորուքավոր տղամարդուն ոչ վայել այդ եվրոպացու արարքների համար, որ, մեկտեղ հավաքվելով, այս պայմանը դրեցին. կամ վերադարձնում ես պարտքերը, կամ մորուքդ ես ածիլում. ընտրի՛ր։
Նա ճարահատյալ դիմեց Թորոս իշխանին` իր աներոջը, և պատմեց իրավիճակը։ Բեղ ու մորուսի պատիվը հարգող հայոց իշխանն իր փեսայի պատիվը փրկելու համար ստիպված ժամանակից շուտ Բոհեմունդին դստեր համար խոստացած 60000 օժիտի մնացած մասը տվեց, որ փրկի նրա պատիվը։
Մեր նախնիների ազգային կեցության օրենքների ու կանոնների մեջ մորուքի հարցը նույնպես անտեսված չէր, նույնիսկ Մխիթար Գոշի Դատաստանագրքի ԼԳ (33) գլուխը մեզ հիշեցնում է. «Եթե երկու տղամարդ կռվեն, ու պատահի, որ նրանցից մեկը թույլ գտնվի ու հանդգնի փետտել ուժեղի մորուքը, դատաստանի է արժանի. նրա մորուքի կրկնակին կտրել ու գանահարելով ըստ արժանվույն կսկծացնել, քանզի պատվավորն անարգեց։ Կամ՝ զգալի կերպով տուգանել»։
Սա` հայոց պատմական մատյաններից։ Այժմ մորուքի արժեքը հասկանալու համար ևս մի քանի տեղեկությունների ծանոթանանք։
Հնում, երբ դեռ մարդկությունը կրում էր Աստծո ստեղծած տղամարդու և կնոջ տարբերությունների արտաքին նշանները, այսինքն` կինը երկար մազեր էր պահում, իսկ տղամարդը` մորուք, այդ պատճառով ծամը կտրած կինը հավասարեցվում էր անբարոյական կնոջը, իսկ ածիլված տղամարդը՝ ամենամեծ վիրավորանքը ստացած անձին։
Այժմ, ըստ բժշկագիտական տվյալների, փորձենք քննել մորուքի և տղամարդկության հետ կապը։ Չգիտեմ, ժամանակակից գիտնականներն ինչ գիտեն սրա մասին, բայց նախնյաց իմաստուն բժշկագետները (հանձին Աբուսաիդի՝ Կիլիկյան Հայաստանի հռչակավոր բժշկի) գտել են տղամարդու ձվարանի և մորուքի անմիջական կապը և այդ պատճառով գրել են. «Տղամարդու մորուքը խմում է սերմնարանից (ձվարանից)», այսինքն` անմիջական կապվում է դրանց հետ, ապա մի քանի խորհուրդներ են տալիս մորուքի սևության ու փարթամության մասին, դարձյալ այդ օրգանի հետ կապելով։ Դա այդպես է, որովհետև ժամանակակից բժշկության մեջ էլ, երբ կնոջը տղամարդու հորմոններ են ներարկում, ապա նրա դեմքին մազեր են աճում, իսկ երբ տղամարդուն ամորձատում են, դրանք ներքինիների նման մորուքից զրկվում են (ժողովուրդը դրանց քյոսա է անվանում)։ Այդ պատճառով կրոնական վանականությամբ ապրողները, որոնք անամուսնության ուխտ են արել, համատարած մորուք են պահել, ինչը նպաստում է մարմնական ցանկասիրությունը զսպելուն։
Աստվածաշնչում մորուքի հարգ ու պատիվը նկարագրող շատ տողեր կան, բայց այս մեկը առավել շեշտադրված է, այդ պատճառով մեջբերենք ամբողջովին: Իսրայելի Դավիթ թագավորն ամոնացիների արքայի մահվան լուրը լսելով` ասում է. «Մարդասիրություն անենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետև նրա հայրն էլ իմ նկատմամբ էր մարդասիրություն արել»: Դավիթն իր իշխաններին ուղարկեց նրա մոտ, որ նրանց միջոցով ցավակցի հոր համար: Դավթի իշխանները գնացին ամոնացիների երկիրը: Ամոնացիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել: Ո՛չ: Դավիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները: Դավիթն իր իշխաններին քեզ մոտ է ուղարկել լրտեսելու համար»: Եվ նա Դավթի իշխաններին բռնեց, նրանց մորուքներն ածիլեց և նրանց զգեստները մեջտեղից մինչև ծայրը պատռելով՝ արձակեց նրանց: Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դավթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանզի այդ մարդիկ խիստ անարգված էին: Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում մինչև որ ձեր մորուքներն աճեն, և ապա կվերադառնաք»: Երբ ամոնացիները տեսան, որ անարգել են Դավթի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, ինչպես նաև ամաղեկացիների արքայից հազար ու Ստոբի արքայից տասներկու հազար զինվոր։
Դավիթ արքան այդ լսելով՝ Հովաբին ընտիր զորքով ուղարկեց նրանց դեմ: Ամոնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիներն առանձին էին կանգնել դաշտում: Հովաբը տեսնելով, որ իր վրա հարձակվում են առջևից ու հետևից, բոլոր իսրայելացիներից ընտրեց երիտասարդների և ասորիների դեմ ճակատ կազմեց: Զորքի մնացած մասը նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային: Նրանք ճակատ կազմեցին ամոնացիների դեմ։ Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնության կհասնեք, իսկ եթե ամոնացիները քեզ նեղեն, մենք օգնության կհասնենք: Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների բնակիչներին, և Տերը կանի Իր աչքին հաճելի եղածը»: Հովաբն իր զորքով պատերազմի ելավ ասորիների դեմ, և ասորիները փախան նրա առաջից: Ամոնացիները երբ տեսան, որ ասորիները փախչում են, իրենք ևս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից: Հովաբը ամոնացիների մոտից վերադարձավ ու եկավ Երուսաղեմ (Բ Թագավ. 10. 10):
Ահա կարդացիք սուրբգրային մի վկայություն, որ մեր կարծած հասարակ մի մորուքի անարգանքը մինչև իսկ պետությունների միջև պատերազմի պատճառ է եղել։
Իսկ հրեա քահանայապետերին ու քահանաներին իրենց օրենքն ընդհանրապես արգելել է մորուքի ծայրին դանակ դիպչի, այսինքն` մորուք կտրելը արգելվում էր Աստծո քահանաներին։
Մինչհեղափոխական Ռուսաստանում մորուքի հարգը նույնպես իմացել ու գնահատել են, այդ պատճառով նույնիսկ պետական օրենք է եղել, որ մորուքը կտրելու դեպքում այդ տղամարդը պետք է 12 գրիվեն տուգանք մուծեր, իսկ խարխլելու, այսինքն` կարճացնելու համար` երեք գրիվեն։ Բայց հետզհետե եվրոպական հովերը նաև Ռուսաստան հասան, ու տղամարդիկ սկսեցին խուզել ու կարճացնել մորուքները, այդ պատճառով ռուս ուղղափառ եկեղեցին դրանց անվանել է ուխտադրուժներ։ Իսկ Իվան Ահեղ ցարն իր բոյարներին անարգելու և պատժելու համար կտրել էր տալիս նրանց մորուքները, որպես խայտառակություն նրանց անձերի։ Այս ամենը շարունակվեց մինչև 17-րդ դար, մինչև որ ռուսական գահին նստեց եվրոպասեր Պետրոսը։ Նա, վերադառնալով եվրոպական երկրների իր առաջին ճանապարհորդությունից և տեսնելով այդ անմորուք ազգերի առաջադիմությունները, ու պատճառի զգալի մասը համարելով, նախ՝ ինքը սափրվեց, միայն ցցուն բեղեր պահելով, իսկ ռուսների ավանդական մորուքներին դեմ լինելով, սկսեց իր իսկ ձեռքով բոյարների մորուքները կտրել։ Իսկ 1699 թ. դուրս եկավ նրա թագավորական հրամանը մորուքների վերացման և այլ եվրոպական նորարարությունների մասին, որով հասարակ մուժիկներին ընդհանրապես արգելվում էր մորուք պահել, իսկ հարուստներն ու բոյարները, ինչպես նաև քաղաքացիները մորուք պահելու համար պետք է տարեկան պետական գանձանակ մուծեին 60 ռուբլու տուգանք (այն ժամանակվա համար հսկայական մի գումար)։ Այս ամենի հետևանքը եղավ Աստրախանի 1705 թ. հայտնի ապստամբությունը։ Որից հետո Պետրոս Մեծը մեղմացրեց այդ օրենքի խստությունը, այս անգամ թույլ տալով մորուք ունենալ, բայց յուրահատուկ հագուստով, այսինքն` բարձր օձիք և այլն։ Եկատերինա 2-րդ թագուհին իր նախորդի օրենքների խստությունը փոխեց և ազատ թույլ տվեց, որ տղամարդիկ մորուք ունենան, բացի զինվորականներից ու չինովնիկներից։ Բայց դրանից հետո ռուսական բոլոր ցարերը նորից սկսեցին բեղ ու մորուք պահել, ինչպես վայել է ռուսական ցարին, ու ազատություն տվեցին այդ հարցում մնացածներին։
Ահա նման պատմական վկայություններից կարող ենք հասկանալ, որ մորուքը, ժամանակին համարվելով տղամարդու առաջին արտաքին այցեքարտը, հետագայում նվազելով դրա անհրաժեշտությունը, տղամարդիկ սկսեցին «մերկանալ» ու «կանացիանալ», ինչպես ասում էին. «Սափրվել է լակեյի (ծառայի) նման», մինչև կորցրին նաև կանանց մոտ իրենց տղամարդկային հարգն ու պատիվը և անվանվեցին կնատիպ տղամարդիկ. սա նախկին ժամանակների բնորոշումն է։ Բայց այս վերջին ժամանակներում մորուքն այլևս տղամարդու հատկանիշներից չէ, ու երբեմն ընդհակառակը, այսինքն` «անկուլտուրական», կամ ոչ ժամանակակից, կամ հետամնաց մակդիրներով է ուղեկցվում մորուքավոր տղամարդը։
Հիշում եմ, երբ տարիներ առաջ գործուղվեցի Ռիգա քաղաք, հյուրանոցում տեղավորվելուց հետո, երեկոյան որոշեցի ծանոթանալ քաղաքին ու, առաջին հերթին, Խորհրդային Միությունում անուն հանած բարձր մակարդակ ունեցող իրենց սրճարաններին։ Մի քանիսն այցելելուց հետո հասկացա, որ այնքան էլ հասարակ բան չէ նման վայրեր ընկնելը, քանի որ մեծ պահանջարկ կար ու անպակաս հերթեր էին այնտեղ։ Բայց ահա մեկը տեսա, որը, ի զարմանս ինձ, ազատ էր, բայց դուռը փակ էր։ Երբ ապակուց ներս նայեցի, տեսա մի քանի հաճախորդներ են նստած, դուռը ծեծեցի, մի սպասավորուհի մոտեցավ ու դուրս նայելով, չգիտես ինչու, նախ ինձ ուշադիր զննեց ու նոր թույլ տվեց ներս մտնել։ Նա սիրալիր պատրաստակամությամբ ինձ մի ազատ սեղանի մոտ ուղեկցեց, ճաշացանկը տվեց ու կոտրատված ռուսերենով ասաց, որ քիչ անց նորից կմոտենա։ Ես, ծանոթանալով հրամցվող ուտեստի ցանկին, որոշեցի գրպանիս ոչ այնքան մեծ պարունակության համեմատ պատվեր տալ, ու ժամանակ ունենալով, բնականաբար, սկսեցի շուրջս նայել, ծանոթության կարգով։ Եվ, ի զարմանս ինձ, բացահայտեցի, որ, չգիտես ինչու, բոլոր այցելու տղամարդիկ տարբեր տեսակի ու չափի մորուքներով էին, որոնք, իրենց հերթին, չքողարկված հետաքրքրությամբ իմ` գույնով նախանձելի, սեփ-սև հայկական մորուքն էին ուսումնասիրում։ Հասկացա, որ այս սրճարանը սպասարկում է միմիայն մորուքավորներին, այդ պատճառով այսքան ազատ մուտք գործեցի, քանի որ եվրոպական Ռիգայում այդքան էլ մորուքավորներ չկան։ Մտածմունքներս երբ հայտնեցի մատուցողուհուն, նա հաստատեց իմ վարկածն ու ասաց, որ այս սրճարանը Ռիգայի մորուքավորների ակումբ-հավաքատեղին է։ Այնպես որ, իմ սև մորուք-այցեքարտն անարգել բացել էր այս սրճարանի փակ դռները։ Այստեղ են ասել. «Ա՜յ մորուք, ա՜յ մորուք, կեր, խմիր, քեֆ արա, որովհետև այստեղ դու մեծ հարգանք ես վայելում»։
Իսրայելի տարագիր հրեաները 1948 թվականից՝ Ավետյաց երկիր վերադառնալուց հետո, առաջին հերթին սկսեցին իրենց նախնիների արտաքինն ընդօրինակել, և ամբողջ երկիրն այժմ լեցուն է երկարամորուս, սև, երկար փեշերով արտահագուստներով, լայնեզր գլխարկներով տղամարդկանցով, որոնք, ցանկանալով վերականգնել կորցրածը, երբեմն ծայրահեղությունների մեջ են ընկնում։ Օրինակ, քունքերից կախված զսպանակ-խոպոպները երբեմն մինչև ուսերն են հասնում, գլխի մորթե գլխարկները երբեմն մեքսիկական սոմբրերոներ են հիշեցնում, իսկ մնացածի մասին ավելի լավ է լռենք, որովհետև իրենց սուրբ նախնիների` Աբրահամի, Իսահակի և Հակոբի աղճատված խրտվիլակներ են հիշեցնում ընտրած ժամանակակից վարքով։
Ի տարբերություն մյուսների, մուսուլմանական աշխարհը, եվրոպացիներից և քրիստոնյաներից ու հրեաներից տարբերվելու համար, ընտրեց իրենց յաթաղանի նման կեռ բեղերի «քաղաքականությունը», իսկ մոլլաները` «լուրջ» մորուքներով ալլահին ծառայությունը։
Քրիստոնեության կազմավորման տարիներից ի վեր եկեղեցին որդեգրեց մորուքավոր հոգևորականների կերպը, նմանվելով իրենց հավատքի Առաջնորդին` Հիսուսին։ Այս սովորությունը առաքելահիմն եկեղեցիներում մնում է ցայսօր, բացի եվրոպալատինական եկեղեցուց (այսինքն` կաթոլիկներից), որոնք գերադասեցին ժողովրդից շատ չտարբերվել, որպեսզի օտարացում չլինի հոգևորականների ու աշխարհականների միջև։ Իսկ ուղղափառները, որոնք 1144 թվականին բաժանվեցին կաթոլիկներից, որոշեցին նախկինի նման մորուքավոր հոգևորականներով ծառայել ժողովրդին։ Նրանք, խիստ ավանդապահ լինելով, գերադասում են երկար մորուքներ ունենալ ու մինչև ուսերը հասնող մազեր։ Նրանց նման են նաև Ղպտի (Եգիպտացի) եկեղեցու հոգևորականները, որոնք երկար մորուքներ են պահում, կաթողիկոսից սկսած (այժմ՝ Շենուդա հայրապետն է)։ Նույնն են նաև Ասորի և Հաբեշ եկեղեցու հոգևորական դասերը։ Բայց ահա մեր Հայ առաքելական եկեղեցին, որն այդ Հին Արևելքի եկեղեցիների շարքում է, նախկինում որդեգրել էր երկար ու փարթամ մորուքներով ծառայության ոճը (Խրիմյան Հայրիկ, Օրմանյան պատրիարք, նահատակ Խորեն Մուրադբեկյան, Չորեքչյան և այլն)։ Իսկ ահա Վազգեն Ա-ից հետո կարծես որոշվեց ավելի կարճ մորուքի կերպը տարածել հոգևորական դասում։ Բայց ցավով պետք է նշել, որ ժամանակակից նորըծա երիտասարդ քահանաներն ու աբեղաները, չգիտես ինչու, որդեգրեցին կիսաշխարհիկ (ո՛չ ինձ, ո՛չ քեզ) գերկարճ մորուքներ ունենալ, այսինքն` մեքենայախուզ, կարճ, համարյա անտեսանելի, չինովնիկական տարատեսակը։ Իսկ արտասահմանի մեր հոգևորականները, բացի Կիլիկիայի թեմի ավանդապահ հոգևորականներից, անարգել (չգիտես թե որ եկեղեցական կանոններով) մորուքներն ամբողջովին սափրում են աշխարհիկ մարդկանց նման։ Լավ չէ։ Մեր նախնիներն ու լուրջ հոգևորականները, ինչպես նաև մեծահարգ գրողներն ու նկարիչներն աշխատել են պահել մեր պապերի ընթացքին հարազատ ավանդական կարգն ու ձևը (Սայաթ-Նովա, Րաֆֆի, Պատկանյան, Խանզադյան, Թումանյան, Իսահակյան, Այվազովսկի, Բաշինջաղյան և այլք) և, ինչպես վկայում են նրանց կյանքն ու գործը, հարգանքի ու մեծարանքի են արժանի։
Դե ինչ, աշխարհի հովերով տարվող ժամանակակից հայորդիներ, այս ամենը կարդալուց հետո, ո՞վ է ձեր միջից համարձակվելու, նախ՝ ներքնապես ձգտելու մեր ազգ ու տակը մինչ այսօր կանգուն պահող ընտիր այրերի վարք ու բարքին նմանվել, ապա այդ ամենից հետո նրանց նման մորուքի հարգը իմանալով, նաև մեր ընտիր նախիների արտաքինն ընդօրինակելու։ Ինչպես Սիրաք իմաստունն է ասում. «Նա՛, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, այդպիսին ամոթ ու նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք» (Սիրաք 20.28)։
Տպագրության պատրաստեց շուրջ քառորդ դար մորուքի հարգը պահող Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3360

Մեկնաբանություններ